Posted in Uncategorized

Դոնալդ Բիսեթ

«Անձրևը»

Վտվտիկն ու Կտկտիկը ամպեր էին և  երկնքում էին ապրում: Նրանք ամբողջ օրը իրենց համար էս ու էն կողմ էին թռչում ու ոչ մեկին չէին խանգարում: Արևն էլ իր համար էր շողում, թռչունները երգում էին, երեխաները՝ խաղում:
— Վտվտի՛կ, – ասում է Կտկտիկը,- չիջնե՞նք ներքև և բոլորին մի լավ ջրենք:
— Իջնենք, թե չէ պարապ-սարապ թռչելը ձանձրալի է:
Նրանք իջան և թրջեցին գետինը: Իսկ մարդիկ դժգոհ էին:
— Ի ՞նչ թարս եղանակ է,- փնթփնթում էին նրանք:
— Կարծես դույլերով ջուր թափեն, ա ՜յ քեզ տխուր օր:
-է՜, արի գնանք այստեղից,- հուսահատվում է Կտկտիկը:
Նրանք թռչում – գնում են, և անձրևը կտրվում է: Բոլորը   գոհ էին: Ամեն օր արևը շողում էր,  շոգն էլ՝ օրեցօր ուժեղանում: Երկար ժամանակ  ոչ էլ անձրև էր գալիս: Խոտերը դեղնում և չորանում են, ծաղիկները` թոռոմում: Կովերը մնում են առանց խոտի և կաթ չեն տալիս: Պաղպաղակ պատրաստողը չի կարողանում կաթ գնել, որ պաղպաղակ պատրաստի: Երեխաները լաց են լինում և պաղպաղակ ուզում: Նրանք  հագնում են բաճկոնները, բացում անձրևանոցները և դուրս գալիս փողոց: Ամպերը տեսնում են ու զարմանում.
— Տեսնես ի՞նչ է եղել:
Նրանք իջնում են  ներքև, ու նորից հորդ անձրև է գալիս:
— Ի՜նչ հաճելի անձրև է,- ուրախանում եմ բոլորը:
— Վերջապես, ա ՛յ լավ օր:
Բոլորը  գոհ են` և՛ Վտվտիկն ու Կտկտիկը, և՛ երեխաներն ու մեծերը:

«Մոռացված ծննդյան օրը»

Կար-չկար մի մեծ փիղ կար: Այս փիղն իր կնոջ ու Յալմար անունով տղայի հետ ապրում էր գազանանոցում:
Հայր Փիղը շատ մեծ էր: Մայր փիղն էլ էր մեծ: Դե, Յալմարն էլ շատ փոքր չէր: Փղերն ընդհանրապես փոքր լինո՞ւմ են:
Մի սիրուն օր փիղ մայրիկն ու փղիկր տեսան, որ փիղ հայրիկը կանգնել է գլխի վրա:
— Ի°նչ ես անում,- հարցրեց փիղ մայրիկը:
— Մի բան եմ ուզում հիշել,- պատասխանեց փիղ հայրիկը:
— Ի՞նչ ես ուզում հիշել:
— Որ իմանայի, էլ ինչո՞ւ էի չարչարվում,- պատասխանեց փիղ հայրիկը: – ճիշտ չե՞մ ասում:
— Յալմար,- ասաց փիղ մայրիկը տղային,- շուտ վազի՛ր ու իմացի՛ր՝ ի՞նչ է մոռացել հայրդ:
Ու Յալմարը ճամփով վազեց: Հետո եղեգնուտի կողքի փոքր բլուրը բարձրացավ ու նստեց, որ հանգստանա, հետն էլ նայի, թե ո՞ նց են ամպերը երկնքում խաղում:
Հանկարծ լսեց, որ մեկը լաց է լինում: Հենց իր կողքին էին լաց լինում, բայց Յալմարը չէր տեսնում, թե ով է ու ասաց.
— Լաց մի լինի, ուզո՞ւմ ես օգնեմ քեզ:
TooltipԼացը դադարեց:
— Դու ո՞վ ես,- հարցրեց Յալմարը:
— Մոռացված Ծննդյան օրն եմ: Չգիտեմ էլ, թե ո՞ւմն եմ:
— Վա՜յ,- ասաց Յալմարը,- ա՜յ քեզ բան. Իսկ տորթ ունե՞ս:
— Բա ո՜նց: Առանց տորթի՝ ի՞նչ ծնունդ: Իմ տորթի վրա վեց մոմ կա, ուրեմն ինչ-որ մեկն այսօր վեց տարեկան է դառնում:
«Ի՜նչ լավ է,- մտածեց Յալմարր,- շա՛տ լավ է: Համարյա յոթ տարեկան դառնալու չափ լավ: Հինգ տարեկանն էլ վատ չէ, դե, չորսն էլ ոչինչ: Ա՛ յ, ուրի՜շ է ութ տարե­կան որ լինես, արդեն հենց այդքան կմնա, որ չափահաս դառնաս»:
— Ափսո՛ս, շատ ափսոս, որ չեմ կարող քեզ օգնել,- ասաց նա: – Ուղղակի չգիտեմ, թե ո՞վ է իր ծննդյան օրը մոռացել:
Ու Յալմարը տուն վազեց: Եկավ տեսավ հայրն արդեն գլխի վրա կանգնած չէր, այլ նստել էր սեղանի մոտ ու ճաշ էր ուտում:
— Հիշել եմ,- ասաց փիղ հայրիկը,- ես այդպես էլ գիտեի, որ դա երեկ էր, կամ վաղը, կամ էլ այսօր: Հենց այդպես էլ գիտեի:
— Ի՞նչն է այսօր,- հարցրեց Յալմարը:
— Այսօր քո ծննդյան օրն է,- սենյակ մտնելով՝ ասաց փիղ մայրիկը: – Այսօր քո վեց տարին լրացավ:
Յալմարը ուրախացավ, հուզվեց ու շուտ հետ վազեց եղեգնուտի մոտի փոքր բլուրը:
— Լսի՛ր,- գոռաց նա,- պարզվեց, որ դու ի՛մ Ծննդյան օրն ես: Այսօր ե՛ս եմ վեց տա­րեկան դառնում:
— Ո՜ւխ,- ուրախացավ մոռացված Ծննդյան օրը,- ջա՜ն, ջա՜ն, ջա՜ն:
Երեկոյան թեյի հետ Յալմարն ստացավ իր տոնական տորթը՝ վրան էլ վեց մոմ: Նա կնճիթը ձգե՛ց, վեցն էլ միանգամից հանգցրեց:
«Ի՜նչ լավ է,- մտածեց նա: – Շա՜տ լավ է վեց տարեկան դառնալը»:

«Ռնգեղջյուրն ու բարի փերին»

Շատ տարիներ առաջ Սեմ անուն մի ռնգեղջյուր էր ապրում: Նա շատ հաստլիկ էր: Շատ էր թխվածք ուտում,  հետո մի բաժակ կաթ էր խմում ու քնում:

Նա ամեն անգամ երազում տեսնում էր, որ մեկը իրեն խուտուտ է տալիս:

Խեղճը չէր դիմանում, անհանգիստ  պտտվում էր քնի մեջ ու ամեն գիշեր ցած ընկնում մահճակալից: Գեր լինելու պատճառով նա աղմուկով էր ընկնում:

Բոլոր հարևանները դժգոհում էին ու գանգատվում, թե նա աղմկոտ ու անհանգիստ ռնգեղջյուր է: Խեղճ Սեմը չգիտեր՝ ինչ անի: Ու մի անգամ նա գնաց իմաստուն բուի մոտ` խորհուրդ հարցնելու: Բուի անունը Ջուդի էր: Սեմը նրան իր պատմությունը: Ջուդին առաջարկեց բարի փերուն դիմել:

Փերին հայտնվեց` ձեռքին արծաթյա մի ձող:

Սեմն ամեն ինչ մանրամասն պատմեց փերիին:

_ Ա ¯հ, ինչ հիմար ռնգեղջյուր ես,- ասաց փերին: -Ով է անկողնում շոկոլադով թխվածք ուտում: Իսկ փշրանքների մասին մոռացել ես: Իհարկե խուտուտ կտան: Ես կօգնեմ քեզ, փակիր աչքերդ ու մի նայիր:

Սեմը աչքերը փակեց, իսկ փերին Ջուդիի վրա թափահարեց արծաթե ձողիկն ու նրան դեղձանիկ դարձրեց:

_ Էս ի՞նչ արեցիք,- զարմացավ Ջուդին:

_Մի  զայրացիր,- ասաց փերին,- դու հիմա կկարողանաս կտցահարել փշրանքները:

Ջուդին համաձայնեց:

Սեմը աչքերը բացեց ու սկսեց երգել.
_ Կեր իմ փշրանքները, թող անուշ լինի:

_Շնորհակալություն, բարի փերի:

Ջուդին ու Սեմը տուն վերադարձան: Այդ օրվանից Սեմին այլևս խուտուտ չէին տալիս և անկողնուց էլ չէր ընկնում:

Բոլոր հարևանները գովում էին և ասում, որ նրա բախտը բերել է, որովհետև հավատարիմ բարեկամ ունի, որը կտցահարում է բոլոր փշրանքները:

Հեղինակ՝

Ես Լիլիա Զախարյանն եմ: Բարի գալուստ մեր դասարանական բլոգ: Հուսամ՝ այստեղ կգտնեք այն, ինչ փնտրում էիք։

Թողնել մեկնաբանություն